login
ՀԲԸՄ. Տոկունության (դիմակայունության) գագաթնաժողով

Ի արձագանք այն կորուստների, որ հայերն ամենուրեք կրեցին գլոբալ համավարակի և Արցախյան պատերազմի հետևանքով, ՀԲԸՄ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Հոգեկան առողջության հայկական նախաձեռնության (ՀԱՀՆ) հետ մեկտեղ կազմակերպեց վիրտուալ գագաթնաժողով՝ հոգեսոցիալական ազդեցության և դրա հաղթահարման թեմայով։ 
 

Գագաթնաժողովը տեղի ունեցավ 2021թ. փետրվարի 20-ին և 21-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի վիրտուալ հարթակում՝ հյուրընկալելով 26 երկիր ներկայացնող 200 մասնակցի: Երկօրյա օրակարգն ընդգրկուն էր թեմաների առումով, իսկ յուրաքանչյուր օրվա ծրագիրը բաժանված էր մի քանի նիստերի։ Քննարկվեցին ճգնաժամի հաղթահարման տարբեր ուղղությունները՝ սոցիալական ցանցերի գերբեռնվածությունից և լրատվական ապատեղեկատվությունից մինչև ակտիվության սպառվածություն, հայ ժողովրդի պատմական ողբերգություններից սկիզբ առած չսպիացած վերքերից մինչև հայրենիքից ստացվող մտահոգիչ տեղեկություններով ու պատկերներով հագեցած անդադար հաղորդումներ:
 

Նիստերը վարում էին տվյալ ոլորտի գիտակ և մեծ հեղինակություն ունեցող փորձագետները, հոգեկան առողջության ոլորտի լիցենզավորված մասնագետները, հետազոտողները, մանկավարժներն ու մեդիայի մասնագետները։ Նրանք ոչ միայն վերլուծում էին խնդիրները, այլև գործնական լուծումներ էին առաջարկում և ոգևորիչ խոսքեր հղում՝ ելնելով իրենց մասնագիտական, կլինիկական ու անձնական խոհեմությունից և փորձառությունից: Գագաթնաժողովի օրակարգը, տեսաձայնագրությունները և նյութերը հասանելի են ՀՎՀ-ի Տոկունության (դիմակայունության) գագաթնաժողով–ի հարթակում։

Մուտք գործել հարթակ